Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ փոխարինել Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայում․ Ալեքսեյ Գրոմով

Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի էներգետիկայի ուղղության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գրոմովը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է եվրոպական գազի շուկայում փոխարինել ՌԴ-ին։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն արդեն օգտվել է ՌԴ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների վատթարացումից՝ նավթի և գազի արտահանման հիմնական մասը վերաուղղելով եվրոպական շուկա։ Սակայն, նրա գնահատմամբ, հետագայում Եվրոպա մատակարարումների էական աճի վերաբերյալ հայտարարությունները դեռևս վաղաժամ են։

«Ադրբեջանը վաղուց արդեն ներկայացված է եվրոպական շուկայում։ Ավելին, 2022 թվականից ի վեր ադրբեջանական նավթի և գազի արտահանման գրեթե ամբողջ ծավալը ուղղվում է բացառապես եվրոպական երկրներ։ Որոշ չափով Ադրբեջանն օգտվեց Եվրոպայի և ՌԴ-ի միջև աշխարհաքաղաքական հարաբերությունների վատթարացումից, ինչպես նաև ռուսական էներգակիրների հեռանալուց եվրոպական շուկայից՝ հնարավորության սահմաններում դրանք փոխարինելով սեփական մատակարարումներով», — ասել է Գրոմովը։