Ադրբեջանը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի առիթներ է փնտրում․ Օլեգ Ցարյով

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը՝ նշելով, որ տարածաշրջանային քաղաքականության հետագա որոշումները Ադրբեջանը ցանկանում է կայացնել առանց Ռուսաստանին հաշվի առնելու։

«Շատերն այսօր փորձում են հասկանալ, թե որն է իրական պատճառը, քանի որ մեծ թվով ադրբեջանցիներ խոշոր բիզնես ունեն Ռուսաստանում և մեծ գումարներ են վաստակում։ Այսինքն, թվում է, թե Ադրբեջանը պետք է գնահատի և կարևորի Ռուսաստանի հետ կապերը, բարեկամությունը, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը միայն առիթներ է փնտրում կոնֆլիկտ ստեղծելու համար։ Հնարավոր է, որ դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանը տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հետագա որոշումները ցանկանում է կայացնել առանց Ռուսաստանին հաշվի առնելու։

Ռուսաստանը պետք է լիներ այն տրանսպորտային օպերատորը, որը պետք է ապահովեր Հայաստանի տարածքով անցնող միջանցքը և կառավարեր այն։ Եվ դրանով իսկ Ռուսաստանը փաստացի կմնար տարածաշրջանում, կհետևեր, որ Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի շահերը չխախտվեն, հանդես կգար որպես երրորդ կողմ։ Բայց ստացվում է, որ Ադրբեջանն այժմ այլ ներկայացուցիչ է ուզում՝ արտասահմանյան, ոչ ռուսական»,- ասել է Ցարյովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հատուկ է խզում հարաբերությունները, որպեսզի հետագայում որոշումներ կայացնի՝ ոչ ի շահ Ռուսաստանի։

«Երբ ամուսինը ցանկանում է ձկնորսության գնալ, նա հատուկ սկանդալ է սարքում, վեճի առիթ է փնտրում, որպեսզի հետո շրխկացնի դուռը, վերցնի կարթերը և գնա իր գործերով զբաղվելու։ Ահա նույն իրավիճակը հնարավոր է Ադրբեջանի դեպքում, որը հիմա հատուկ է խզում հարաբերությունները, որպեսզի հետո ինքնուրույն որոշումներ կայացնի՝ ոչ ի շահ Ռուսաստանի»,- եզրափակել է Ցարյովը։

Հիմա եթերում