Ամենը կատարվում է արևմտյան ուժերի կողմից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ․ Ստեփան Դավթյան

Alpha News-ի ուղիղ եթերում Հայաստանի մշակույթի վաստակավոր արտիստ Ստեփան Դավթյանն ասել է, որ այս իշխանությունները Հայաստանը տանում են դեպի կազմաքանդման։

«Հանցագործությունն այն գործողությունը չէ միայն, որը վնաս է պատճառում մարդուն, հանրությանը, պետությանը, նաև այն անգործությունն է, որը վնաս է պատճառում պետությանը։ 2018թ․ մայիսից սկսած Հայաստանը գնում է ոչ թե դեպի Եվրոպա, Թուրքիա, այլ գնում է պետականության թուլացման, վարկաբեկման, մեր դիրքը միջազգային հարթակներում իջեցնելուն»,- նկատել է Ստեփան Դավթյանը։

Նա նշել է, որ ՀՀ բնակչությունից շատ Սփյուռք ունեցող երկիրը, երբ փակում է Սփյուռքի նախարարությունը, ուրեմն այդտեղ արդեն իսկ ինչ-որ բան այն չէ։

«Երբ մենք, լինելով գյուղատնտեսական երկիր, փակեցինք գյուղնախարարությունը, Սովետական միության երկրներից, Ուկրաինայից բացի, միայն Հայաստանն է, որ ունի ատոմակայան, էներգետիկ հզոր պոտենցիալ,փակեցինք էներեգետիկայի նախարարությունը, 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը, ունենալով 7-8 միլիոն Սփյուռք, փակեց Սփյուռքի նախարարությունը, դա արդեն իսկ կազմաքանդում է։ Հիմա կոնսերվատորիայի շենքը ոչ թե վաճառելու են, այլ ուզում են ուղղակի Կոմիտասի անունը վերացնել, ոչ թե կոնսերվատորիան։ Ինչ է նշանակում բոլոր բուհերը Երևանից հանել։ Դա կազմաքանդում է։ Մենք ոչ թե գնում ենք դեպի Եվրոպա կամ Թուրքիա, այլ՝ ծրագրված կործանում»,- ասել է մեր զրուցակիցը։

Ստեփան Դավթյանի համոզմամբ՝ այդ ամենը կատարվում է արևմտյան ուժերի կողմից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։