Ամերիկյան AMD ընկերությունն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում

10 Հունիսի 2025, 23:50

Տնտեսություն և Բիզնես

Ամերիկյան AMD ընկերությունը, որը կիսահաղորդիչների, պրոցեսորների մշակման և արտադրության համաշխարհային առաջատարներից է, 2019 թվականից էլ գրասենյակ ունի Հայաստանում, նոր փուլ է սկսում՝ նպատակ ունենալով զարգացնել հետազոտական ուղղությունը և ուժեղացնել համագործակցությունը տեղի համալսարանների հետ:

AMD-ի փոխնախագահ Դեն Գիբոնսը Երևան կատարած այցի ընթացքում նշել է հայ ինժեներների ուժեղ ներուժը, հատկապես ալգորիթմների, C++, FPGA և EDA տեխնոլոգիաների ոլորտում: Նրա խոսքով՝ հայաստանցի մասնագետները ցուցադրում են բարձր որակ, պրոֆեսիոնալիզմ, ինչը նրանց առանձնացնում է նույնիսկ Սիլիկոնային հովտի ֆոնին:

Ընկերությունն այժմ քննարկում է փորձնական հետազոտական լաբորատորիա գործարկելու հարցը՝ համագործակցելով Երևանի պետական համալսարանի և Պոլիտեխնիկի հետ: Նպատակը ոչ միայն տեղական ներկայությունն ուժեղացնելն է, այլ նաև Հայաստանը ներառել AMD-ի գլոբալ նորարարական շղթայում։