ԱՄՆ-ում անկարգությունների արդյունքը մեկն է`դրանք կճնշվեն․ Միխայիլ Թիլման

Քաղաքագետ, ԱՄՆ-ում քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ Թիլմանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերը, ինչպես նաև Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողության հավանականությունը:

«ԱՄՆ-ում հասարակական անկարգություններն արդեն ավանդույթ են դարձել։ Եվ այդ բողոքներին մասնակցում են նույն անհատները։ Այսինքն՝ գոյություն ունի պրոֆեսիոնալ բողոքողների մի շերտ, որոնք փոխհատուցման համար դուրս են գալիս և բարձրաձայնում այն, ինչ պետք է բարձրաձայնել, ջարդում այն, ինչ կընկնի ձեռքի տակ։ Կան մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց օրակարգում ունեն այն, ինչ նրանք անվանում են Ամերիկայի վերափոխում։ Իսկ փոխակերպումն անհրաժեշտ է, որպեսզի Ամերիկան ավելի բազմազան դառնա մաշկի գույնի, սեռական նախապատվության առումով, որպեսզի Ամերիկան ավելի հավասարազոր դառնա սեռերի հավասարության իմաստով։

Եվ ահա միգրանտները նրանց անհրաժեշտ են հենց այդ փոխակերպման համար։ Չէ՞ որ ավելի հեշտ է վերափոխել այն, ինչը գալիս է դրսից, քան վերադաստիարակել այն մարդկանց, որոնք արդեն ապրում են Ամերիկայում։ Իսկ Թրամփը պայքարում է դրա դեմ, և այդ անօրինական միգրանտներին վտարելու փորձը հանգեցրել է անկարգությունների։ Ամերիկայում անօրինական միգրացիայի դեմ պայքարի այս օրակարգը շատ տարածված է, և բնակչության մեծամասնությունն իսկապես աջակցում է դրան: Բայց այս անկարգությունների արդյունքը, միևնույն է, մեկն է՝ դրանք կճնշվեն։

Ամերիկայում քաղաքացիական հակամարտությունը կվերածվի քաղաքացիական պատերազմի միայն այն դեպքում, եթե պառակտում տեղի ունենա ամերիկյան զինված ուժերի ներսում, առայժմ նման բան չկա։ Եվ փառք Աստծո, քանի որ քաղաքացիական պատերազմը սարսափելի է: Բայց քաղաքացիական հակամարտություն արդեն ընթանում է», — ընդգծել է Թիլմանը։

Խոսելով այն մասին, թե ինչ է սպասվում ԱՄՆ անօրինական միգրանտներին, փորձագետը նշել է, որ խորհուրդ կտար նրանց հեռանալ ԱՄՆ-ից:

«Անօրինական հիմքերով ԱՄՆ-ում գտնվող միգրանտներին ես կարող եմ խորհուրդ տալ միայն մեկ բան՝ ինքնակամ լքել ԱՄՆ տարածքը, քանի որ վտանգ կա, որ եթե ձեզ գտնեն, ապա անպայման կարտաքսեն։ Ես խորհուրդ կտայի դա անել, քանի որ ամերիկյան հասարակության մեծամասնությունը պաշտպանում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի գաղափարը»,- նշել է Թիլմանը։

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում, փորձագետն ասել է, որ որպես կանոն, նման բաները Մերձավոր Արևելքում ցուցադրական բնույթ են կրում:

«Ես կարծում եմ՝ եթե Իսրայելը հայտարարել է այդ մասին, ապա դա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, ոչ մի լուրջ բան չի ծրագրվում։ Ես կարող եմ սխալվել, բայց, որպես կանոն, Իսրայելը նման գործողություններ է իրականացնում հենց այն ժամանակ, երբ նրանց ոչ ոք չի սպասում, և ոչ մի հայտարարություն չի լինում։ Որովհետև եթե Իսրայելը հարձակումներ ու ռմբակոծություններ սկսի իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ, ապա Իրանը ստիպված կլինի պատասխանել։ Ավելին, բոլոր այն հաղորդագրություններում, որոնք մենք այժմ կարդում ենք, ընդգծվում է, որ Իրանը պատասխան կտա ամերիկյան օբյեկտներին։ Ես ուզում եմ ընդգծել, որ ամերիկացիները չեն աջակցում Իսրայելին այս հարձակման մեջ։ Իրանի հետ պատերազմելն իրականում ինքնասպանության գաղափար է»,- եզրափակել է Թիլմանը։