ԱՄՆ քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր հայ պետք է մասնակցի ընտրություններին․ Ադրին Նազարյան

21 Մարտի 2024, 23:07

Հայեր

Կարևոր չէ, թե ԱՄՆ-ում ինչ նախագահ կընտրվի, ինչ կուսակցություն իշխանության կգա, քանի որ նրանք գալիս են ինչ-որ ժամանակով և գնում, իսկ ամենակարևորը ԱՄՆ պետդեպարտամենտն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու Ադրին Նազարյանը։

«Ամենաճիշտ ձևը, որ կարող ենք օգնել և փորձել որոշումները փոխել պետդեպարտամենտում այն է, որ լինեն այնպիսի մարդիկ, որոնք ավելի կրթված են, ուսումնասիրել են Կովկասը և հասկանում են՝ ինչն է պետք փոխել, որ ՀՀ-ի նման երկիրը աճի, կայուն մնա և դառնա ԱՄՆ-ի գործընկերը։ Քանի դեռ մենք չենք աշխատում այդ ուղղությամբ, Թուրքիան կմնա ԱՄՆ-ի ամենակարևոր գործընկերը։ Նախագահները կգան ու կգնան, բայց այդ քաղաքականությունը չի փոխվի»,- ասաց Նազարյանը։

Նա ընդգծեց՝ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր հայ պետք է մասնակցի ընտրություններին՝ այդկերպ հայերի ձայնը ավելի լսելի դարձնելով։

«Ես միշտ քաջալերում եմ մեր հայ համայնքին և ասում, որ քվեաթերթիկի վրա պարտադիր չի հայի անուն լինի, որ գնան ու քվեարկեն։ Եթե դուք քաղաքացի եք, անպայման քվեարկեք։ Իսկ եթե չեք ուզում թղթի վրա որևէ մեկին նշել, ուրեմն միայն ստորագրեք ու թուղթը հանձնեք։ Քվեարկող հայերի թիվը ինչքան շատ լինի, այնքան ավելի հաշվի են նստում, թեկնածուները ավելի ուշադիր են լինելու հայերի նկատմամբ»,- եզրափակեց Նազարյանը։

Հիմա եթերում