Անդրեյ Միքայելյան. Հանճարեղ գիտնականը
14 Հունիսի 2024, 22:00
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունիսի 14-ին հայազգի ականավոր գիտնական, ֆիզիկոս-ինժեներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Անդրեյ Միքայելյանը կդառնար 99 տարեկան։
Նրա հետազոտությունների բնագավառները եղել են ռադիօպտիկան, լազերային ֆիզիկան, հոլոգրաֆիան, օպտիկական հիշողության համակարգերը, նեյրոնային ցանցերը և տեղեկատվական տեխնոլոգիաները» Հետազոտությունների բնագավառը եղել է նաև բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։
Հայտնի է Միքայելյանի ոսպնյակ հասկացությունը, նրա գրադիենտային ֆոտոնաբյուրեղական հարթ ոսպնյակի հաշվարկները։ Գիտնականը բազմակի կիզակետման երևույթի հայտնագործության հեղինակն է:
Միքայելյանն ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ ինֆորմատիկայի, հաշվողական գիտության և ավտոմատացման բաժնում։ Նա նաև եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օպտիկական-նյարդային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն և գիտական ղեկավար:
1951 թվականին ցույց է տվել, որ անհամասեռ միջավայրերում, որոշակի պայմաններում, էլեկտրամագնիսական ալիքների տարածումն ուղեկցվում է դրանց բազմակի կիզակետման երևույթով, այսինքն՝ էլեկտրամագնիսական դաշտի կառուցվածքը տարածման ընթացքում պարբերաբար վերականգնվում է։ Այս երևույթը դրվել է ուղղորդիչ համակարգերում ազդանշանների հաղորդման նոր սկզբունքի հիմքում, ինչպես նաև օգտագործվել ալիքատարների նոր դասի ստեղծման համար, որոնք լայնորեն կիրառվում են որպես կապի օպտիկական գծեր։
Այդպիսի «ինքնակիզակետող» ալիքատարները՝ «սելֆոկները» (անգլ.՝ selffocusing — ինքնակիզակետող), ոչ միայն ավելի պարզ ու էժան են կաբելային համակարգերից, այլև թույլ են տալիս հաղորդել զգալիորեն ավելի մեծ ծավալի ինֆորմացիա։ Բազմակի կիզակետման երևույթի հիման վրա ստեղծվել են անտենային տեխնիկայում և օպտիկայում կիրառվող նոր տեսակի ոսպնյակներ, որոնք կրում են հեղինակի անունը՝ Միքայելյանի ոսպնյակ։
Նշենք նաև՝ Անդրեյ Միքայելյանը հիմնել է արդի ռադիոէլեկտրոնիկայի նոր ուղղություն, որը կապված է գերբարձր հաճախականությունների տիրույթում ֆեռիտների հետազոտման և օգտագործման հետ
Անդրեյ Միքայելյանը մահացել է 2010 թվականի հուլիսի 7-ին։