Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան

28 Մարտի 2024, 11:45

Քաղաքականություն

Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում։

«Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,-ասել է նա:

Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․

«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել ԵՄ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։

Պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Շահրամանյանն ասել է․

«Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- եզրափակել է նա։