Արցախի նոր իշխանությունը պետք է ընդունելի լինի Մոսկվայի համար, դրանում է Արցախի կայունության գրավականը. Բենիամին Մաթևոսյան

31 Օգոստոսի 2023, 17:15

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի գնահատմամբ՝ Արցախի նախագահի հրաժարականը ժամանակավրեպ է: Արայիկ Հարությունյանը, նրա խոսքով, պաշտոնը պետք է թողներ դեռ 44-օրյա պատերազմից հետո:

«Արայիկ Հարությունյանի հրաժարականն ուշացած է: Պետականության հետագա զարգացմանը չխոչընդոտելու տեսանկյունից տրամաբանական կլիներ, որ դեռ այն ժամանակ, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, իշխանական համակարգի թարմացում տեղի ունենար՝ առաջին դեմքերի մակարդակով»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա հույս հայտնեց, որ Արցախի խորհրդարանական ուժերը, հատկապես՝ իշխող ուժն, ամեն ինչ կանի, որ Արայիկ Հարությունյանը չլինի Արցախի վերջին նախագահը:

«Ցավոք, այն փշրանքները, որոնք կան Արցախի պետականությունից, շատ կարեւոր է պահել ու թույլ չտալ, որ ներքին խնդիրների, իշխող խմբավորումների միջեւ հակասությունների արդյունքում պետականության այդ վերջին փշրանքներն էլ ոչնչանան: Եթե Արցախի պետականությունն ընկնի, դա ֆիզիկապես անդրադառնալու է նաեւ Հայաստանի անվտանգությանը»,- նշեց քաղաքագետը:

Ավելի վաղ Alpha News-ը տեղեկացրել էր, որ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց՝ պատրաստվում է վաղը հրաժարական ներկայացնել: Նախագահը նշել էր, որ Արցախում եւ դրա շուրջ տեղի ունեցող երեւույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտը հուշում են, որ առկա է մոտեցումների, քայլերի փոփոխություն, ճկունություն դրսեւորելու անհրաժեշտություն ու դրա համար պետք է հիմնական դերակատարները փոխվեն, հետեւաբար ինքն առաջինն է հեռանում:

«Նույնիսկ հրաժարական տալով՝ Արայիկ Հարությունյանը գնահատականներ չի տալիս Հայաստանի իշխանությոնների գործողություններին: Ճիշտ է՝ նա արդարացիորեն նշում է, որ շատ բաներ սխալ է իրականացրել Արցախում, բայց մեծ հաշվով նա իրականացրել է այն քաղաքականությունը, որը բխում էր պաշտոնական Երեւանի քաղաքականությունից»,- նկատեց Բենիամին Մաթեւոսյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ Արցախի նոր իշխանությունները պետք է այնպիսի քաղաքականություն վարեն, որ պաշտոնական Երեւանը հրաժարվի Արցախի հարցում իր դիրքորոշումից:

«Հույս ունեմ, որ նոր իշխանությունները կկարողանան այնպիսի քաղաքականություն վարել, ինչը կնպաստի, որ Հայաստանը վերադառնա 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում քաղաքականություն իրականացնելուն ու առաջին հերիթն կհրաժարվի այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել 2022 թ. աշնանը Պրահայում, ինչի հետեւանքով Լաչինի միջանցքը փակվեց»,- ասաց նա:

Նշենք, որ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որին ներկա էին եղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այդ հանդիպումից հետո հայտարարություն էր ընդունվել, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:

Արայիկ Հարությունյանն իր հրաժարականից առաջ Գուրգեն Ներսիսյանին ազատել է պետնախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ նրան տալով լայն լիազորություններ: Թե ինչ լիազորությունների մասին է խոսքը, առայժմ պարզ չէ:

Բենիամին Մաթեւոսյանն ընդգծեց, որ Արցախի նոր իշխանությունները պետք է ընդունելի լինեն Մոսկվայի համար, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է:

«Այդ մարդիկ չպետք է անցնեն Արայիկ Հարությունյանի ճանապարհը, որը մինչեւ 2020 թ. ընտրությունները գնում էր Ռուսաստան, լրիվ այլ պարտավորություններ էր վերցնում, հետո գալիս էր Արցախու ու հակառակն էր անում: Արցախի նոր իշխանությունները պետք է դրանից խուսափեն, որովհետեւ նաեւ դրանում է Արցախի կայունության գրավականը»,- հավելեց Մաթեւոսյանը: