Արցախը եղել է հայկական հող, և հայերը պետք է հնարավորություն ունենային այնտեղ ապրելու․ ԵԽ պատգամավոր

«2025 թվականի ապրիլին մենք գտնվում էինք Հայաստանում և հանդիպեցինք փախստականների, որոնք ապրում են սահմանին մոտ գտնվող լեռնային շրջաններում։ Այնտեղից տեսանելի էր սահմանը․ մի կողմում՝ ադրբեջանցիներ, մյուս կողմում՝ հայեր», — Alpha News-ին պատմել է Ֆրանսիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Նիկոլիչը։

Նրա խոսքով՝ հայերը ուժի ճնշման կամ այլ հանգամանքների հետևանքով կորցրել են այն տարածքները, որոնք երբևէ իրենցն են եղել։

«Մենք հանդիպեցինք մարդկանց, որոնք կորցրել էին ամեն ինչ և ստիպված էին լքել իրենց տները։ Նրանց ստիպել էին փախչել և փորձել նորից կառուցել իրենց կյանքը՝ սահմանին մոտ տրամադրված բնակարաններում։ Կարծում եմ՝ այստեղ միշտ կա պատմական շարունակականություն։

Եթե նայենք պատմությանը, կտեսնենք, որ հայերը աստիճանաբար նահանջել են։ Կարելի է տարբեր բացատրություններ բերել՝ խորհրդային ժամանակների քարտեզագրական որոշումներ կամ այլ քաղաքական պատճառներ, բայց փաստը մնում է փաստ․ ժամանակի ընթացքում հայերը ուժի ճնշման կամ այլ հանգամանքների հետևանքով կորցրել են այն տարածքները, որոնք երբևէ իրենցն են եղել։ Ես կարծում եմ, որ Արցախը եղել է հայկական հող, և հայերը պետք է հնարավորություն ունենային այնտեղ ապրելու։

Ժամանակին ներկայիս Թուրքիայի տարածքում ապրում էր մոտ 20% հայ, հույն և այլ քրիստոնյա ժողովուրդներ։ Նրանք անհետացել են, որովհետև ենթարկվել են ցեղասպանության։ Եվ նույն կերպ, երբ մարդկանց ստիպում են լքել այն տարածքները, որոնք պատմականորեն հայկական են եղել, ես դա ընկալում եմ որպես ճնշման ձև և որպես փորձ՝ ջնջելու այդ ժողովրդի մշակույթը և ներկայությունն իր հողում», — ասել է նա։