Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

24 Հունիսի 2026, 13:10

Քաղաքականություն

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։ Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:

«Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին:

Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է «Կենտրոնի» դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը: Միջնորդությունը քննող դատավորի և ժամի մասին կհայտնենք իմանալուն պես»,- նշել է փաստաբանը։