Բաժին են հրավիրել Միհրան Մախսուդյանին, բերման են ենթարկել Հայկ Շահնազարյանին, փորձում են դիմադրող ուժերին չեզոքացնել. Լիդյա Մանթաշյան
20 Հունիսի 2025, 18:08

Սրբազան պայքարի 40 կողմնակից է ձերբակալվել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Սրբազան պայքարի աջակից Լիդյա Մանթաշյանը:
«Ձերբակալությունները սկսվել են մոտ 3 ժամ առաջ, բաժին են հրավիրել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ճանապարհից բերման են ենթարկել «Շահնազարյան» կոնյակի գործարանի սեփականատեր Հայկ Շահնազարյանին: Նաև որոշ անձանց տներում խուզարկություններ են կատարվում: Այս իրավիճակը մենք կապում ենք Փաշինյանի՝ Թուրքիա այցի հետ: Հավանաբար կա՛մ ոչ հայանպաստ որոշում են կայացնելու, կա՛մ փաստաթուղթ են ստորագրելու, կա՛մ հայտարարություն են անելու և փորձում են այստեղ հնարավոր դիմադրող բոլոր ուժերին չեզոքացնել: Սա արվում է ուժերը ջլատելու համար»,- ասաց Լիդյա Մանթաշյանը:
Ավելի վաղ Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում գրվել էր, որ իրավապահ մարմինները Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ են իրականացնում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ քիչ առաջ հայտնեց, որ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- նշված էր հաղորդագրության մեջ: