Բաքուն պատրաստ է Հայաստանին ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով․ Ալիև
12 Օգոստոսի 2026, 10:00
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ ՀՀ-ի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման նախագիծն արդեն պատրաստ է։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ-ի տարածքում և որոշել հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։ Ալիևը նաև «զգուշացրել» է ՀՀ-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հետևանքով հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ նշելով, որ Բաքուն պատրաստ է Հայաստանին ապահովել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»։ Նա հավելել է, որ ՀԱԷԿ-ը հնացած է և տարածաշրջանի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս հարցի շուրջ բազմիցս մտահոգություն են հայտնել միջազգային հարթակներում։
Միաժամանակ Ալիևը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ TRIPP ծրագրի շրջանակում քննարկել է ՀՀ-ի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ զրույցից «պարզ է դարձել», որ շինարարությունը պետք է մեկնարկի արդեն այս տարի։
Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ, իր խոսքով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը Բաքվի նախաձեռնությունն էր, իսկ Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապելու գաղափարը վաղեմի նպատակ էր, որի իրականացումը, ըստ նրա, արդեն գրեթե ավարտին է հասցվել։