Բաքվի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է․ Պեսկով
14 Հուլիսի 2026, 14:42
Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է, սակայն այն չի ստվերում ՌԴ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որը հայտնել է նախագահ Իլհամ Ալիևը, ապա կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, և որոնք կիսում են այդ տեսակետը։ Դա դիրքորոշում է, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և, այո՛, դա մեր միջև առկա տարաձայնությունների առարկան է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Մոսկվան առաջնորդվում է պրագմատիկ մոտեցմամբ։
«Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ այս հարցը չպետք է որևէ կերպ ստվերի մեր երկկողմ հարաբերությունները»,- նշել է նա։
Կրեմլում նաև ընդգծել են, որ ՌԴ-ն շարունակելու է համակողմանիորեն զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ և բոլոր հնարավոր ուղիներով հետևողականորեն ներկայացնել իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցի վերաբերյալ։