Չեմ կարող պնդել` քննչական գործողություններ չեն իրականացվում, բայց հակառակն էլ պնդել չեմ կարող․ Օրբելյան
23 Սեպտեմբերի 2026, 13:34
Երբ կքննարկվի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, հնարավոր կլինի հասկանալ, թե երկու ամիսների ընթացքում քննությունն ինչ գործողություններ է իրականացրել կալանքը երկարացնելու հիմնավորման համար։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով գործի շրջանակում իրականացվող քննչական գործողություններին։
«Ես ենթադրում եմ՝ պետք է ինչ-որ նյութեր զննեն, որոնք առգրավվել են, քանի որ կալանավորմանը նախորդել էին խուզարկությունները, այդ թվում՝ որոշ ընկերություններում։ Ենթադրում եմ՝ այդ նյութերն են զննելու, հետազոտելու, փորձաքննություններ են իրականացնելու»,- նշել է Օրբելյանը։
Փաստաբանը նաև հայտնել է, որ առգրավված և կապարակնքված նյութերի հետ կապված որոշ գործընթացներ, այդ թվում՝ ստուգումներ և գույքագրում, դեռևս չեն իրականացվել։
Օրբելյանը հավելել է, որ այս պահին չի կարող հստակ ասել՝ քննությունն այլ ինչ գործողություններ է իրականացրել։
«Չեմ կարող պնդել, որ չեն կատարում, քանի որ չունեմ ապացույց, բայց չեմ էլ կարող պնդել, որ կատարում են, քանի որ կրկին չունեմ ապացույց։ Դրա մասին կիմանանք համապատասխան փուլում»,- ասել է փաստաբանը։