Չենք ապահովելու Փաշինյանի ուզած, խնդրած, անգամ մուրացած 6 ձայնը․ Սևակ Խաչատրյան

24 Նոյեմբերի 2026, 16:33

Քաղաքականություն

Մենք դեմ ենք պարտադրանքով սահմանադրական հանրաքվեի գնալուն և չենք պատրաստվում ապահովել Նիկոլ Փաշինյանի ուզած, երբեմն խնդրած, անգամ մուրացած վեց ձայնը Ազգային ժողովում, որպեսզի նա կարողանա սահմանադրական հանրաքվեի հարցը դնել։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանն՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին և դրա ընդունման շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակին։

Պատգամավորի խոսքով՝ իրենց քաղաքական ուժն այս հարցում իր դիրքորոշումը հայտնել է դեռևս այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ պարբերաբար պահանջում էին Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ դա կապելով խաղաղության հաստատման հետ։

«Մենք մեր կարծիքը հայտնել ենք դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից, մասնավորապես՝ նախագահի և տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, պարբերաբար պահանջներ ու պարտադրանքներ էին հնչում, թե ՀՀ-ում պետք է փոխվի Սահմանադրությունը, որպեսզի հնարավոր լինի իրական խաղաղություն հաստատել։ Մեր դիրքորոշումը հստակ է եղել այդ պահից ի վեր, և այն չի փոխվել։ Մենք դեմ ենք արտաքին պարտադրանքով սահմանադրական հանրաքվեի գնալուն»,– նշել է Խաչատրյանը։