Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին
15 Ապրիլի 2026, 13:27
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգն ընդունվել է, ընլայնվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով: Մենք վստահորեն շարունակելու ենք այս ճանապարհը: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն ընդունել է Եվրամիությանն ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք:
«Մեր ռազմավարությունն այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ, որ մենք այս օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք ԵՄ: Ո՛չ, ամենևի՛ն: Մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ, և դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանելու որպես երկիր, բարեփոխումների գործընթացը շարունակելու այնպես, որ իսկապես համապատասխանենք ԵՄ չափանիշներին: Երբ մենք օբյեկտիվորեն լինենք այս կետում, ԵՄ անդամ դառնալ-չդառնալն այս կետում քաղաքական որոշման հարց է:
ԵՄ-ն կարող է որոշել չընդլայնվել կամ որոշել ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ: Մենք որևէ մեկի քաղաքական կամքին չենք կարող բռնանալ: Եթե ԵՄ-ն որոշի ընդունել մեզ ԵՄ լիիրավ անդամ, շա՛տ լավ: Եթե կորոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր:
Մեր խնդիրն է, մեր նպատակն է, մեր ռազմավարությունն է լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր լինել, և մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից, բայց ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ, ինչպես հասնել այդ կետին:
ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գործունեությունն այս իմաստով շատ կարևոր է»,- ասել է նա: