Դելիմիտացիայի գործընթացը բարդ է լինելու. Դժվար է ասել`անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակության հիմք. Մհեր Գրիգորյան
06 Դեկտեմբերի 2023, 20:30
Դելիմիտացիայի գործընթացը բարդ ու երկար գործընթաց է լինելու։Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Փոխադարձ ընկալում կա, որ գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա, մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են, այլ` իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են»,- ասել է նա:
Փոխվարչապետը նշել է, որ 1975 թվականի քարտեզը 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք պետք է մանրակրկիտ հետազոտվեն:
«Չի լինելու մի հանդիպում, որից հետո գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է»,- նշել է նա:
Գրիգորյանն ասել է, որ այս անգամ Ադրբեջանի հետ պայմանավորվել են համատեղ հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը:
«Մոտ ժամանակներում այդ աշխատանքը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որից հետո մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,- ասել է Մհեր Գրիգորյանը` հավելելով, որ այս անգամ անկլավների ու էքսկլավների հարց չի քննարկվել:
Գրիգորյանի խոսքով` դժվար է ասել` անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակություն ունեցող հիմք:
«Հանձնաժողովների աշխատանքը կայանում է նրանում, որ միմյանց պետք է ներկայացնեն իրենց ընկալումը, իրավական փաստաթղթերը, որոնց տիրապետում են ու սկսեն քննարկել, թե ինչքանով է այդ փաստաթուղըթ լեգիտիմ ու ինչքանով կարող է հիմք հանդիսանալ դելիմիտացիայի գործընթացում»,- ընդգծել է Գրիգորյանը: