Դելիմիտացիայի գործընթացը բարդ է լինելու. Դժվար է ասել`անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակության հիմք. Մհեր Գրիգորյան

06 Դեկտեմբերի 2023, 20:30

Քաղաքականություն

Դելիմիտացիայի գործընթացը բարդ ու երկար գործընթաց է լինելու։Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Փոխադարձ ընկալում կա, որ գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա, մենք  աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են, այլ` իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են»,- ասել է նա:

Փոխվարչապետը նշել է, որ 1975 թվականի քարտեզը 22 կտորից  բաղկացած ֆրագմենտներ են, որոնք պետք է մանրակրկիտ հետազոտվեն:

«Չի լինելու մի հանդիպում, որից հետո գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է»,- նշել է նա:

Գրիգորյանն ասել է, որ այս անգամ Ադրբեջանի հետ պայմանավորվել են համատեղ հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը:

«Մոտ  ժամանակներում այդ աշխատանքը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որից հետո մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,- ասել է Մհեր Գրիգորյանը` հավելելով, որ այս անգամ անկլավների ու էքսկլավների հարց չի քննարկվել:

Գրիգորյանի խոսքով`  դժվար է ասել` անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակություն ունեցող հիմք:

«Հանձնաժողովների աշխատանքը կայանում է նրանում, որ միմյանց պետք է ներկայացնեն իրենց ընկալումը, իրավական փաստաթղթերը, որոնց տիրապետում են ու սկսեն քննարկել, թե ինչքանով է այդ փաստաթուղըթ լեգիտիմ ու ինչքանով կարող  է հիմք հանդիսանալ դելիմիտացիայի գործընթացում»,- ընդգծել է Գրիգորյանը:

Հիմա եթերում