ԵԱՏՄ-ի զեկույցը հարված էր Փաշինյանի դիրքորոշմանը․ Վլադիմիր Կիրեև

28 Հոկտեմբերի 2026, 22:55

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների՝ Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների վերաբերյալ զեկույցին և դրա առնչությամբ Հայաստանի իշխանությունների արձագանքին։

Ըստ փորձագետի՝ զեկույցն արտացոլում է միության անդամ երկրների՝ սեփական շուկաներն ու տնտեսական շահերը պաշտպանելու ձգտումը, իսկ Ռուսաստանի և Բելառուսի դեպքում խոսքը նաև քաղաքական ռիսկերը նվազագույնի հասցնելու մասին է։

Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը զեկույցին պայմանավորված է նրանով, որ եվրաինտեգրման թեման դարձել է հանրապետության ներքաղաքական օրակարգի և քաղաքական հակադրության բաղկացուցիչ մասը։

«Փաշինյանն այս զեկույցն ընկալում է որպես հարված իր դիրքերին։ Հավանաբար, այն իսկապես այդպիսին է, սակայն դժվար թե զեկույցը պատրաստած անդամ երկրներն ուղղակիորեն նպատակ են ունեցել միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։

Ռուսաստանի Դաշնությունը, անշուշտ, շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի մասնակցել եվրասիական ինտեգրման նախաձեռնությանը, քանի որ սա Ռուսաստանի համար քաղաքական ազդեցության հարց է։ Իսկ մյուս անդամ երկրներն, ամենայն հավանականությամբ, առանձնապես շահագրգռված չեն հենց Հայաստանի հետ համագործակցությամբ։ Հետևաբար, նրանց դիրքորոշումն առաջին հերթին պայմանավորված է տնտեսական շահերի պաշտպանությամբ։

Հիշեցնեմ, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներն անցյալում ունեցել են Եվրոպական միության հետ ինտեգրման նախաձեռնություններ։ Իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը մինչ օրս բավական արդյունավետ համագործակցում են ԵՄ-ի հետ։ Ուստի այս զեկույցի հեղինակների առնվազն մեծամասնության կողմից Հայաստանի եվրոպական ընտրության նկատմամբ որևէ միտումնավոր թշնամանքի կամ անբարյացակամության մասին խոսելն անհիմն է։

Ինչո՞ւ է Փաշինյանն այն ընկալում որպես հարված իր դիրքերին և եվրոպական ինտեգրման իր նախաձեռնությանը։ Որովհետև դա համընկնում է Հայաստանի ներքաղաքական օրակարգի հետ։ Քաղաքական դիսկուրսի առանցքում այն հարցն է, թե զարգացման ինչ ուղի է ընտրելու Հայաստանն այժմ՝ եվրոպական ինտեգրման նախաձեռնությունների՞, թե՞ եվրասիական ինտեգրման ուղղությամբ։

Քանի որ այս ընտրությունը բաժանարար գիծ է դարձել հայ հասարակության ներսում և համընկնում է ներքաղաքական օրակարգի ու հակամարտության հետ, զեկույցն ընկալվում է որպես անմիջական հարված հենց Փաշինյանի դիրքորոշմանը», — հավելել է Վլադիմիր Կիրեևը։