ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կարող է նվազել մինչև 75%․ Ֆյոդոր Չեռնիցին

ՌԴ կառավարության փոխվարչապետի տեղակալի քարտուղարության ղեկավարի տեղակալ Ֆյոդոր Չեռնիցինը «Լազարյան ակումբի» նիստի շրջանակում ներկայացրել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին գնահատականներ՝ ընդգծելով առևտրի կորուստները, գների աճը, միգրացիոն ռեժիմի փոփոխությունները և հիմնական տնտեսական առավելությունների նվազումը։

«Այն ամենn, ինչ հնարավոր էր անել հայկական տնտեսության համար, արդեն արվել է ԵԱՏՄ-ում, անկախ նրանից՝ ինչպես են դրան վերաբերվում։ Հետևաբար, միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը փոխարինել այլ աղբյուրներով, իմ կարծիքով, նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չէ»,- նշել է Չեռնիցինը։

Նա նաև ասել է, որ ԵՄ-ն սահմանափակումներ է կիրառել ռուս փոխադրողների նկատմամբ, և ի պատասխան ներդրվել են հակամիջոցներ, այդ թվում՝ բեռների վերատեղաբաշխման և սահմանային ընթացակարգերի փոփոխություն։

«Հայաստանի համար եվրոպական հեռանկարի դեպքում հայկական բեռնատարները նույնպես ստիպված կլինեն անցնել նմանատիպ ընթացակարգեր սահմանին, օրինակ՝ Վերին Լարս անցակետում, այնուհետև հետ վերադառնալ։ Գնահատականները նախնական են, բայց, մեղմ ասած, անբարենպաստ։

Հաշվարկների համաձայն՝ ԵԱՏՄ-ում ունեցած առավելությունների կորուստը՝ եվրոպական հեռանկարի կամ առանց վիզայի ռեժիմի դիմաց, կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մինչև 40% նվազման, արտահանման՝ մինչև 75% անկման և ներմուծման՝ մինչև 55% կրճատման։

Հիմնական հարվածը կկրի սննդամթերքի, խմիչքների, մրգերի, ձկնամթերքի, ծաղիկների, ծխախոտի արտադրանքի, ոսկերչական իրերի, հագուստի և տեքստիլի մատակարարումը», — ասել է Չեռնիցինը։

Հիմա եթերում