ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի` ինքը կա՞, թե՞ չկա․ Նիկոլ Փաշինյան

25 Հունիսի 2026, 12:43

Քաղաքականություն

ՀՀ իշխանությունը շատ սերտ ու ակտիվ աշխատում է ԵԱՏՄ–ի հետ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ անշրջելի ինչ–որ բան է տեղի ունեցել, և մենք հիմա, այսպես ասած, պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Ո՛չ, մենք շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ–ի համար։ ԵԱՏՄ–ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված` աշխատուժի, ծառայությունների և ապրանքների, ֆինանսների ազատ տեղաշարժի վրա։ Եթե դա չկա, ուրեմն ԵԱՏՄ էլ չկա. ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի ուղիղ կամ նամյոկով` ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք կարծում ենք, որ ինքը կա, և մենք` որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ–որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ»,– հայտարարել է Փաշինյանը։

Ըստ նրա` այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի դեպքում` կապված արտահանման խոչընդոտների հետ, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում ևս լուրջ անհանգստություններ է առաջացնելու, ու իրենք ևս գնալու են շուկաների դիվերսիֆիկացիայի։