ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵԱՏՄ խնդիրն է. Պապոյան

29 Հուլիսի 2026, 13:19

Քաղաքականություն

ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵԱՏՄ խնդիրն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին և ԵԱՏՄ սահմանափակումներին:

«Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության, ու մենք չենք կարող այդ կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք», — նշել է Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը և ԵԱՏՄ ձևավորման սկզբունքները չեն աշխատում:

«Մենք որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, որը մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով՝ ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի ու աշխատի, ոչ թե ՀԱՊԿ-ի նման:

Մենք կարծում ենք, որ այս համակարգի հետ պիտի աշխատել, որովհետև այն հանգամանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չի, որ չկարողանա վաճառվել Ռուսաստանում», — ասել է Պապոյանը: