ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը հավատարմության երդում է Արևմուտքին. Մովսես Ղազարյան

13 Փետրվարի 2025, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ և միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին, որն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ Ազգային ժողովը, ինչպես նաև վերլուծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր էսկալացիայի հնարավորությունը:

«Դա կարծես մի տեսակ խայծ լինի։ Տպավորությունէ՝ այն պետք է մի կողմից հայ հասարակությանն ինչ-որ արևմտամետ հատվածի ուղենիշներ տալու համար, իսկ մյուս կողմից, կարծես, դա պետք է Երևանի իշխանություններին միջազգային դիրքավորման համար, այսինքն՝ նրանք ուզում են իրենց արևմտյան կուրատորներին, իրենց արևմտյան ղեկավարներին ցույց տալ, թե ուր են ձգտում։ Կարծում եմ՝ սա, այնուամենայնիվ, իրավիճակային լուծում է, ինչպես նաեւ Արևմտյան հանրության երկրներին, նրանց օրակարգին հավատարմության յուրօրինակ երդման ցուցադրում», — հայտարարել Է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն իր զարգացման բանալիները կարող է գտնել ոչ թե եվրոպական, այլ եվրասիական ինտեգրացիոն նախագծերում։

«Օգտվելով որոշակի արտոնություններից, ռուսական կողմի աջակցությունից, ունենալով տարբեր տարբերակներ, օգտվելով իր մյուս գործընկերների աջակցությունից ոչ թե Եվրոպական տնտեսական հանրակցությունից, այլ Եվրասիական տնտեսական հանրակցությունից, Հայաստանը հնարավորություն ունի ստեղծել առավել արդյունավետ տնտեսություն», — ընդգծել է Ղազարյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ապա փորձագետը չի բացառում արտաքին շահագրգիռ կողմերի ցանկությունը՝ լուծել իրենց խնդիրները տարածաշրջանում՝ ստեղծելով հերթական հակամարտությունը։

Փորձագետը նաև մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունները Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Նիկոլը (Փաշինյանը) փորձում է հարթեցնել արցախյան վերջին պատերազմում կրած պարտությունը, որ ցույց տա, թե դա մեր պատմության այն հատվածն է, որը պետք է մոռանանք»,- ամփոփել է Ղազարյանը։