ԵՄ-ին հնարավորություն է ընձեռվում դադարեցնել կախվածությունը ադրբեջանական գազից․ Եվրապատգամավոր
23 Հունվարի 2025, 23:00
Այս կեղծ դատավարությունը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Բաքվի ռեժիմը խաթարում է մարդու հիմնարար իրավունքները»։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դատավարությունը:
«Եղել է հակամարտություն, և հակամարտությունն ունի իր կանոնները։ Նույնիսկ պատերազմում պետք է հարգել օրենքը։ Միջազգային իրավունքն ասում է, որ չի կարելի պատանդ վերցնել պատերազմում և նրանց համարում է քաղաքական բանտարկյալներ: Նրանք քաղաքական բանտարկյալներ են։ Եվ ես աջակցում եմ, մենք Եվրոպական խորհրդարանում աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը, որը ձերբակալվել է, կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում և շատ վատ պայմաններում է», — նշել է նա։
Խոսելով պատանդներին աջակցելու հարցում ԵՄ դերի մասին՝ եվրապատգամավորն ասել է. «Մենք պետք է ճնշում գործադրենք։ Եվ այստեղ՝ Եվրոպական խորհրդարանում, մենք խնդրում ենք հանձնաժողովին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի այդ բանտարկյալներն ազատ արձակվեն։ Այս պահին մեզ նման հնարավորություն է ընձեռվում, որովհետև գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու Եվրոպան լռեց այս հարցի շուրջ, այն է, որ Ադրբեջանը շանտաժի է ենթարկել Եվրոպային գազի մատակարարմամբ: Բայց հիմա մենք գիտենք, որ Միացյալ Նահանգների նոր քաղաքականությամբ մենք կարող ենք ավելի շատ հեղուկ գազ ստանալ Ամերիկայից: Մենք կարող ենք վերականգնել մեր անկախությունն Ադրբեջանից, որպեսզի Ալիևը դադարի դա օգտագործել որպես մեզ վրա ճնշման լծակ։ Պետք է վերջ դնենք գազի այդ մատակարարումներին, պատժամիջոցներ սահմանենք Ալիևի և նրա ռեժիմի դեմ, ցույց տանք, որ Եվրամիությունը հաստատակամ է իր սկզբունքներում և մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում քաղբանտարկյալներին»,- ընդգծել է Բելամին։