Եթե անհրաժեշտ լինի, փողոցային պայքար էլ կսկսենք․ Լևոն Քոչարյան
08 Հոկտեմբերի 2026, 12:32
Եկեղեցու հարցով Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը «Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական է համարում և այն դիտարկում է որպես իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող գործընթացի մաս։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Կապված հանձնաժողովի հետ, որը եկեղեցու մասով ստեղծվել է, մենք դա համարում ենք հակասահմանադրական, ու ընդհանուր այս գործընթացը՝ եկեղեցու դեմ իշխանությունների կողմից սանձազերծված։ Սա հակասահմանադրական է։
Ինչպես գիտեք, մենք նաև վիճարկել ենք Սահմանադրական դատարանում կառավարության ծրագիրն այն մասով, որ այնտեղ ուղղակի չէր կարող տեղ գտնել եկեղեցու հետ կապված որևէ հարց, որովհետև կառավարությունը որևէ կերպ չի կարող Սահմանադրությամբ միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Սա հստակ է, և այս մասով մենք հենց առաջին օրից մեր դիրքորոշումը հայտնել ենք և շարունակելու ենք։
Եթե անհրաժեշտ լինի, փողոցային պայքար էլ կսկսենք, իսկ եթե այլ ձևով պաշտպանության կարիք լինի, օգտագործելու ենք բոլոր չարգելված ձևերը։ Դա միանշանակ է»,- ասել է նա։