Եթե Իրանն ատոմային զենք ունենար, Իսրայելը մի քիչ ավելի զգույշ կլիներ․ Հայկ Տեր-Ներսիսյան
14 Հունիսի 2025, 00:20
Իսրայելի կողմից այս գիշեր հասցված հարվածն ապացուցեց, որ Իրանի միջուկային ծրագիրը լիովին շարքից դուրս չի եկել, դա անելը շատ դժվար է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը։
«Գերտերություններից վեր չկա որևէ խաղացող, որևէ քաղաքական միավոր, որը նրանց կասի՝ ինչ անել, այսինքն՝ գլոբալ անարխիա է տիրում։ Եվ որոշում կայացնողների մտածելակերպը՝ կլինի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, թե՝ Չինաստանում, ուղղված է նրան, որ իրենց երկիրն ամենաանվտանգը դարձնեն։ Եվ դրա համար գերտերությունները շարունակ զինվում են, օգտագործում հետախուզությունը՝ հակառակորդից ինֆորմացիա «քաշելու» համար»,- ասել է Հայկ Տեր-Ներսիսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Իրանը հասկանում է, որ իր անվտանգության համար շատ կարևոր է միջուկային զենք ունենալը և, հետևաբար, ձգտում է ուժեղացնել իր անվտանգությունը։ «Իսրայելի տեսանկյունից էլ՝ եթե այլ խաղացող ունի միջուկային զենք, ապա հավասարակշռությունը փոխվում է, և իր անվտանգությունն ավելի խոցելի է դառնում»,-հավելել է նա։
Խոսելով իրանա-իսրայելական լարվածության ֆոնին տնտեսության վիճակի մասին՝ Հայկ Տեր-Ներսիսյանը նշել է, որ գլոբալ տնտեսության համար աղետալի իրավիճակ է ստեղծվել։ «Չկան միանշանակ հաղթողներ։ Նման պատերազմների ժամանակ նավթի գները բարձրանում են, ինչը ձեռնտու է միայն նավթ արտադրող երկրներին»,-ասել է նա։
Ըստ քաղաքագետի՝ Իրանը շատ մոտ է ատոմային զենք ունենալուն։ Հարցին՝ միգուցե Իրանն ունի՞ ատոմային զենք, քաղաքագետը պատասխանել է․
«Եթե Իրանն ատոմային զենք ունենար, Իսրայելը մի քիչ ավելի զգույշ կլիներ։ Այս իրավիճակից դուրս գալու լուծումներից մեկն այն է, որ Իրանը կամ պետք է հրաժարվի իր միջուկային ծրագրից, ինչն անհավանական եմ համարում, կամ ռեժիմի փոփոխություն կատարի»։