Եթե նույնիսկ մեծ պատերազմի մասին խոսք գնա, ապա Իսրայելը նպատակ ունի ներքաշել Միացյալ Նահանգներին․ Սաքո Արյան

01 Օգոստոսի 2024, 23:15

Քաղաքականություն

Իսրայելը վերջին երեք ամիսներին նոր քաղաքականություն է մշակել և խուսափում է մեծ պատերազմներից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց լրագրող Սաքո Արյանը։

«Ցավոք սրտի, լիբանանահայությունը մեծ փորձ ունի պատերազմների, ընդհարումների առումով, և 30 ու ավելի տարիների Լիբանանը տառապում է այդ ամենի պատճառով։ Երկու օր առաջ Բեյրութը կիսաքաոսային վիճակում էր, քանի որ Իսրայելը հարմար պահ գտավ և հարվածեց Հեզբոլլահի հարավային արվարձանին և կազմակերպության գլխավոր կենտրոնատեղիները բոլոր առումներով՝ և տեղեկատվական, և քաղաքական, և ռազմական, այնտեղ էին գտնվում։

Նշեմ նաև, որ Իսրայելը վերջին երեք ամիսներին նոր քաղաքականություն է մշակել և խուսափում է մեծ պատերազմներից։ Եթե նույնիսկ մեծ պատերազմի մասին խոսք գնա, ապա Իսրայելը նպատակ ունի ներքաշել Միացյալ Նահանգներին։ Կարճ ասած՝ Իսրայելը չպետք է մեծ պատերազմի գնա Հեզբոլլահի դեմ, քանի որ ցամաքային ցանկացած գործողություն շատ ավելի թանկ է վճարելու Բենյամին Նեթանյահուն, քան ինչ-որ այսօր անում է։

Խոսելով Թուրքիայի մասին՝ նշեմ, որ Էրդողանի վերաբերմունքը ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լոկ խոսքեր են։ Եվ Թուրքիայի արաբ գործընկերները շատ լավ գիտեն և հասկացել են, որ նախագահ Էրդողանի բերանից հնչող խոսքերը փուչիկ են, և դրանք շուտով կպայթեն»,- նշեց Արյանը։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարի սպանությունը իրականացվել է Ադրբեջանի տարածքից, նա նշեց․

«Ի՞նչ է անում Իսրայելը այն տարածքների վրա, որոնք գտնվում էին Արցախի պաշտպանական ուժերի տիրապետության տակ ավելի քան 30 տարի, արդյոք այնտեղ ռազմաբազաներ չկան, արդյոք այնտեղ դրոնի կայանատեղիներ չկան կամ Իսրայելին գաղտնի սպասարկում չկա։ Այս ամենը պետք է հանձնել միջազգային հանրության ուշադրությանը, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ամենաբարձր քաղաքական էլիտային, որն այսօր մեր կողքին պայքարում է՝ ի չիք անելու Զանգեզուրի միջանցքը։ Այն, ինչ տեղի ունեցավ Զանգելանում, այս տարածաշրջանի մեջ ավելացրեց, ուժեղացրեց Իսրայելի ներկայությունը։ Սա նաև պետք է դառնա Ռուսաստանի ուշադրության կենտրոն, քանի որ սպանվեց ոչ թե իրանցի գործիչ, այլ հյուր, ով այսօր պաղեստինցի էր, վաղը կարող էր ռուս գործիչ լինել, կամ արաբ»,- եզրափակեց Արյանը։

Հիմա եթերում