Մենք թեթև ատլետիկայի էինք պատրաստվել, հիմա ասում են՝ գնացեք ծանրամարտի մրցումների․ ձկնաբույծ

21 Հուլիսի 2026, 11:04

Քաղաքականություն

Եվրոպայի գներն էլ գիտենք, կերի գներն էլ, ոչ մի եզր չկա, հաշվել ենք՝ չի ստացվում։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասել է տնտեսվարողներից մեկն՝ անդրադառնալով դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման արգելքին։

«Թուրքիան, որը տարեկան հարյուր հազարավոր տոննա ձուկ է արտադրում, Եվրոպա է արտահանում ընդամենը 120-140 գրամանոց փոքր ձկներ, որոնք նույնիսկ ափսեի մեջ են տեղավորվում։ Իմ 5 կիլոգրամանոց ձուկը ո՞նց դարձնեմ 120 գրամ, որ կարողանամ այնտեղ վաճառել։ Մենք թեթև ատլետիկայի էինք պատրաստվել, հիմա մեզ ասում են՝ գնացեք ծանրամարտի մրցումների։

Էկոնոմիկայի նախարարությունում խնդրել ենք՝ մեզ գոնե մեկ լոգիստիկ կազմակերպություն կամ վարորդ ցույց տվեք, որի միջոցով մեր ապրանքը կարող ենք հասցնել Եվրոպա։ 3 ամիս է՝ նստած սպասում ենք, ասում են՝ «կա»։ Ուրեմն պատին տոնածառ են նկարել, ասում են՝ ֆռռացեք կողքը»,- նշել է նա։