Եվրոպայի օգտին ընտրությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի բերի. Գեորգի Ջաբիշվիլի
25 Հունիսի 2026, 21:30
Միջազգային լրագրող Գեորգի Ջաբիշվիլին Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին՝ որպես օրինակ բերելով Վրաստանի փորձը, ինչպես նաև ռուսական շուկան եվրոպականով փոխարինելու հնարավորությանը։
Լրագրողի խոսքով՝ Վրաստանին տասնամյակներ շարունակ համոզում են եվրաինտեգրման հեռանկարների մասին, սակայն իրական արդյունք չկա։
Ըստ նրա՝ Վրաստանի օրինակով պարզ է դառնում, որ ռուսական շուկան փոխարինելը չափազանց դժվար է։
«Ես հարգում եմ Հայաստանի ինքնիշխան ընտրությունը, այն, որ նրանք քվեարկել և որոշում են կայացրել։ Սակայն արդեն հիմա մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության արձագանքը՝ որոշակի սահմանափակումներ ալկոհոլային և գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Կարծում եմ՝ Հայաստանը չի կարողանա այդ հսկայական ռուսական շուկան փոխարինել Եվրամիության շուկայով։ Ավելին, ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չի ասում Հայաստանին և այնտեղ ապրող մարդկանց, որ Եվրամիությունն ունի որոշակի քվոտաներ։ Ոչ թե այնպես, որ ասեն՝ «Բերեք ձեր ամբողջ արտադրանքը մեզ մոտ»։ Ուստի կարծում եմ, որ Հայաստանի բնակչությունն իր վրա կզգա այդ ընտրության հետևանքները, և նրանց կմնա կամ համակերպվել դրա հետ, կամ հետագայում փորձել որոշակի պայմանավորվածությունների գալ։
Վրաստանի օրինակով կարող եմ ասել, որ նույնիսկ հիմա երկրի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, և դա այն դեպքում, երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։
Որպես լրագրող կարող եմ պատասխանատու կերպով ասել, որ Վրաստանի բնակչությունը, շփվելով տարբեր մարդկանց հետ, արդեն սկսել է հասկանալ, որ որքան շուտ կարգավորվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնքան արագ հնարավոր կլինի մոտենալ նաև ներքին հարցերի լուծմանը՝ մասնավորապես Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ։ Ես հարգում եմ Հայաստանի ընտրությունը, բայց չեմ կարծում, որ այն երկրի համար որևէ լավ բան կբերի»,- եզրափակել է Ջաբիշվիլին։