«Եվս մեկ բելկանտոյի գիշեր»․ ֆիլմ՝ Էլլադա Չախոյանի բեմական կյանքի մասին
ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի, միջազգային մրցանակների դափնեկիր Էլլադա Չախոյանը նշում է իր բեմական կյանքի 45-ամյակը։ Այդ առիթով նկարահանվել է վավերագրական ֆիլմ արտիստի կենսագրության մասին։ Նրա հարուստ կենսագրության մասին պատմող «Եվս մեկ բելկանտոյի գիշեր» ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորը Մարիկա Ավետիսյանն է։
Alpha News-ը ֆիլմի ստեղծման մասին զրուցել է Էլլադա Չախոյանի հետ։
«Ներկայացնելով ինձ՝ մենք ներկայացնում ենք ևս մեկ պատմություն մեր արվեստի մասին։ Ֆիլմի նկարահանումները սկսել էին դեռ 5 տարի առաջ, և ֆիլմի համար ես պետք է այցելեի բոլոր այն երկրները, որտեղ ժամանակին երգել եմ։ Բայց սկսվեց կորոնավիրուսի համավարակը , և ամեն ինչ կանգ առավ։ Փառք Տիրոջը, հիմա ավարտել ենք նկարահանումները, և շուտով ֆիլմը կներկայացնենք հանրությանը»,- նշել է օպերային երգչուհին։
Էլլադա Չախոյանի խոսքով՝ ֆիլմում ներկայացված է հայ արվեստի պատմությունը։
«Ես ծնվել եմ Հայաստանում, իմ ստեղծագործական ուղին սկիզբ է առել Հայաստանում՝ Գոհար Գասպարյանի մոտ ուսանելով։ Հետագայում իմ արվեստը ներկայացրել եմ միջազգային բեմերում։ Ֆիլմում ներկայացված է հայ արվեստը, մեր կենսագրությունը։ Այսօր մեր երիտասարդները հնարավորություն ունեն ելույթ ունենալ աշխարհի տարբեր բեմերում, իսկ մեր ժամանակ պետք է լինեիր լավագույնը, որ կարողանայիր դուրս գալ համաշխարհային բեմ»,- ընդգծել է վաստակավոր արտիստը։
Մանրամասները՝ տեսանյութում։