Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21 Հուլիսի 2026, 14:18

Մշակույթ

Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։ Այս մասին հայտնել է Հայ-Ամերիկյան Տեղեկատվական Կենտրոնը։

Միջոցառմանը մասնակցել են Ֆրեզնոյի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ, ԱՄՆ հայկական կազմակերպությունների անդամներ և բազմաթիվ հայրենակիցներ։ Տարբեր սերունդների հայեր հավաքվել էին այն վայրում, որտեղ շուտով պիտի կանգնի Արցախյան ազատամարտի ամենանշանավոր հրամանատարներից մեկի հուշարձանը։

Բժիշկ և հասարակական գործիչ Կարո Խաչիկյանի առաջ քաշած գաղափարը կարճ ժամանակում դարձել է համայնքային գործ։ Նախաձեռնությանը միացել են բազմաթիվ ֆրեզնոյահայեր՝ յուրաքանչյուրն իր հնարավորությամբ։

Մոնթեի գրանիտե կերպարը կկանգնի Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հարևանությամբ։ Քարապատ պատվանդանի ժայռանման ձևը հիշեցնելու է հայրենիքը, իսկ հայերեն և անգլերեն գրությունները այցելուներին ներկայացնելու են Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մարտական ճանապարհը։