Գագիկ Ծառուկյանի առերեսումը իրանցու հետ սկսելուց առաջ Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից

22 Հուլիսի 2026, 12:57

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իրանցի գործարարների (տուժողների) միջև առերեսման հերթական փուլը սկսելուց առաջ փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից՝ զրկելով նրան Ծառուկյանի պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից։

Ինչպես լրագրողներին հայտնեց Երեմ Սարգսյանը, վարույթն իրականացնող մարմինն իրեն հեռացնելու որոշումը պատճառաբանել է նրանով, որ իրանցի տուժողը ցուցմունք է տվել, թե Սարգսյանը ներկա է եղել Ծառուկյանի հետ որոշակի հանդիպումների։ Դրանից ելնելով՝ քննիչները որոշել են փաստաբանին ներգրավել որպես վկա և արդեն իսկ ծանուցագիր են հանձնել՝ վկայի կարգավիճակով հարցաքննության ներկայանալու համար։

«Մեր իրավապահ համակարգը չի դադարում իրենց ֆանտազիաներով մեզ զարմացնել՝ ապօրինությունների մակարդակով։ Սա ապօրինության գագաթնակետն է։ Վախից ինձ հեռացրեցին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որ իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախեցինք»,- նշել է նա։