Գորշ գայլերն անմիջապես կառավարվում են Թուրքիայի կառավարության կողմից․ Սամվել Լուլուկյան

20 Դեկտեմբերի 2023, 23:40

Կարծիք | Քաղաքականություն

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը Alpha News-ի ուղիղ եթերում հաստատել է՝ գորշ գայլերն այնքան էլ մեծ դերակատարություն չունեն, նրանք գործում են անմիջապես թուրքական կառավարության կողմից։

«Մի սխալ պատկերացում կա, որ ամբողջն իրականացնում են գորշ գայլերը, բայց իրականում այդպես չէ։ Ամեն ինչին ավելի խորքային պետք է նայենք․ այս ամբողջը կառավարվում է Թուրքիայից։ Գորշ գայլերն այնքան էլ մեծ դերակատարություն չունեն։ Այստեղ գոյություն ունեն տարբեր կառույցներ և կրոնական միություններ, որոնք կառավարվում են անմիջապես Թուրքիայի կառավարության կողմից։ Ամբողջությամբ կոորդիանացումը իրենք են իրագործում։ Իրենք համագործակցում են գորշ գայլերի, նաև քաղաքական տարբեր գործիչների հետ։ Սա նորություն չէ»,- նշել է Լուլուկյանը։

Նա պատմել է, որ Քյոլն քաղաքում էլի է դեպք եղել, երբ գորշ գայլերը միջամտել են խաչքար տեղադրելուն։

«Իրենք 2015թ․ փորձել են խանգարել մեզ, երբ Քյոլնի համայնքը նախաձեռնեց խաչքար տեղադրել Քյոլն քաղաքում։ Մենք դիմում ներկայացրինք ու մեծ պայքար գնաց։ Թուրքական լոբբինգը ու հզոր կառույցները գտնվում են Քյոլնում, նրանք փորձեցին մեզ խանգարել։ Մեզ, ի վերջո, հաջողվեց, 2017թ․ խաչքարը տեղադրվեց Քյոլն քաղաքում։ Դա աննախադեպ բան էր։ Առաջին անգամ Քյոլնում կարողացանք դա իրականացնել»,- ասել է մեր զրուցակիցը։

Նա ցավով է արձանագրում՝ սփյուռքահայերը չունեն մեծ աջակցություն ու ինչ էլ որ անում են, իրենց ուժերի ներածին չափով են անում․

«Մենք, ցավոք սրտի, չունենք այդ աջակցությունը և սփյուռքահայությունը ինքնուրույն է պայքարում այդ ամբողջ դժվարություններին դիմակայելու համար։ Այս պահին կա առաջարկ քաղաքապետարանի կողմից՝ կլոր սեղանի շուրջ նստել ու հայկական համայնքի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների ու այդ թեմայով հետաքրքրվածների հետ քննարկել իրավիճակը։ Իմ տեղեկությամբ՝ կա առաջարկ, որ այդ հուշարձանի տեղը տեղադրվի նոր հուշարձան, որը արտացոլելու է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ բոլոր ժողովուրդների ցեղասպանությունը»,- եզրափակել է Սամվել Լուլուկյանը։