Հաստատվել է ՌԴ-ում կացության թույլտվություն ստանալու իրավունք ունեցող օտարերկրյա մասնագետների մասնագիտությունների ցանկը

08 Մայիսի 2025, 17:05

Քաղաքականություն

Ռուսաստանում պարզեցված կարգով կացության կարգավիճակ ստանալու իրավունք ունեցող օտարերկրյա մասնագետների մասնագիտությունների ցանկը կրճատվել է՝ հասնելով աշխատաշուկայում խիստ պահանջված 29 մասնագիտությունների:

Ցանկում ներառվել են արդյունաբերության և աստղաֆիզիկայի ոլորտներում մեծ տվյալների վերլուծաբանի, ռոբոտաշինության և ավիաշինության ոլորտներում ծրագրային ապահովման ինժեների, խողովակագործի և էլեկտրամոնտաժողի և այլ մասնագիտություններ:

Կացության իրավունք տրամադրելու մասին որոշումն ընդունում է ՌԴ ՆԳՆ տարածքային մարմինը: Այսպես, եթե օտարերկրացին շարունակաբար, առնվազն 1 տարի իրականացրել և իրականացնում է տվյալ ցանկում նշված մասնագիտությամբ գործունեություն, ապա նա իրավունք ունի դիմել պարզեցված կարգով կացության կարգավիճակ ստանալու համար:

Նշված ժամանակահատվածում այդ օտարերկրացու գործատուն պետք է հաշվեգրի ապահովագրական վճարները կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամում: