Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիային մասնակցում էին նաև գերմանացիները. Սամվել Լուլուկյան

12 Մարտի 2025, 22:55

Քաղաքականություն

Նախօրեին Գերմանիայում Բրանդենբուրգի դարպասների մոտ իրավապաշտպան կազմակերպություններն, ակտիվիստները և մտահոգ քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին։

Ակցիայի մասնակիցները կոչ են արել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ։

Ծրագրվում է շարունակական ցույցեր կազմակերպել ամբողջ Եվրոպայում: Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են արել եվրոպական երկրների քաղաքացիներին բարձրացնել իրազեկությունը և ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ պայքարելու մարդու իրավունքների այդ կոպիտ խախտումների դեմ:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի հետ:

«Փաստացի, մեծ ցույց կազմակերպվեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կողմից՝ կոալիցիոն կազմակերպությունների հետ միասին: Ցույցը կազմակերպվել էր ոչ միայն գերմանահայերի կողմից, այլև ներկա էին գերմանացիներ, իրավապաշտպաններ: Միասնական ճակատով մենք փորձեցինք բարձրաձայնել այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, որպեսզի գերմանահայությունը տեղեկանա դրա մասին: Բրանեդեբուրգի դարպասի մոտ, ուր տեղի ունեցավ ցույցը, գտնվում էր ԱՄՆ դեսպանատունը, Ֆրանսիայի դեսպանատունը, նաև ԵՄ հանձնաժողովի գրասենյակը»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ նամակ են փոխանցել ԵՄ հանձնաժողովի գրասենյակ, պատասխանը շուտով կլինի:

«Մենք նշեցինք, որ պետք է ճնշել Ադրբեջանին: Այս ամեն ինչում իր մեղավորությունն է ունեցել նաև Գերմանիայի կառավարությունը Օլաֆ Շոլցի գլխավորությամբ: Ցույցի ավարտից անմիջապես հետո նամակ ենք հանձնել ԵՄ հանձնաժողովի պաշտոնական գրասենյակին: Նրանք խոստացան, որ այդ ուղղությամբ կաշխատեն ու մեզ հավելյալ կտեղեկացնեն արդյունքների մասին»,- հավելել է Սամվել Լուլուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: