Հայ ժողովուրդը հիշում է Ռուսաստանի դերն՝ անկախ քաղաքական գործիչների փոփոխությունից․ Պամֆիլովա

11 Հունիսի 2026, 16:50

Քաղաքականություն

Հայ ժողովուրդը հիշում է Ռուսաստանի պատմական դերն ու երկու երկրների հարաբերությունների նշանակությունն՝ անկախ քաղաքական գործիչների փոփոխությունից։ Այս մասին ասել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան՝ մեկնաբանելով Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում ռուս դիտորդների աշխատանքի արդյունքները։

Պամֆիլովայի խոսքով՝ Ռուսաստանի ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները այցելել են ընդհանուր առմամբ 180 ընտրատեղամաս և 11 տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ հետևել են քվեարկության ընթացքին և ընտրական մարմինների աշխատանքին։ ԿԸՀ նախագահը գործընկերներին առաջարկել է դիտարկումների հիման վրա պատրաստել վերլուծական նյութ՝ «հասկանալու, թե ինչ է տեղի ունենում և ինչ հետևություններ կարելի է անել ապագայի համար»։

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ժամանակին արձագանքել այն գործընթացներին, որոնք կարող են բացասաբար ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։

«Վստահ եմ, որ տարբեր քաղաքական գործիչներ գալիս ու գնում են, իսկ պատմականորեն ձևավորված հարաբերությունները մնում են։ Թեև Փաշինյանի օրոք վերաշարադրվում են պատմության դասագրքերը, ընդհանուր առմամբ հայ ժողովրդի հիշողությունը պահպանում է գիտակցումը, թե ինչ նշանակություն է ունեցել Ռուսաստանը Հայաստանի պատմության մեջ և ինչ նշանակություն ունեն մեր հարաբերությունները ոչ միայն անցյալի, այլև Հայաստանի ապագայի համար», — նշել է Պամֆիլովան։

Նա հավելել է, որ ընթացող գործընթացների ուսումնասիրությունը կարևոր է, որպեսզի «աչք չփակեն» առաջացող խնդիրների վրա և կանխեն այն երևույթները, որոնք կարող են խոչընդոտել Ռուսաստանի և Հայաստանի միջև բնականոն գործընկերային հարաբերություններին։

Հիմա եթերում