Հայաստանի համար վտանգավոր է դուրս գալ Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրերից. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

23 Նոյեմբերի 2023, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի եվրաինտեգրման հնարավորությունը երկարատև գործընթաց է։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին, թե ինչպես կարող է ԵՄ-ն փոխարինել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։

«Ես Եվրախորհրդարանի սովորական պատգամավոր եմ, ես պետության ղեկավար կամ վարչապետ չեմ, ուստի չեմ կարող ինչ-որ բան խորհուրդ տալ Հայաստանի կառավարությանը։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ եվրաինտեգրման գործընթացը երկար գործընթաց է, որը կարող է բավականին հիասթափեցնող լինել Հայաստանի այն մարդկանց համար, ովքեր եվրոպամետ են և կողմ են ԵՄ-ին անդամակցելուն:

Սա շարունակական գործընթաց է, և կարծում եմ, հավանաբար, վտանգավոր կլինի դուրս գալ Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերից։ Սա իմ համեստ կարծիքն է: ԵՄ-ն, կարծում եմ, ի վիճակի չի լինի կամ անվճռական կլինի անմիջապես փոխարինելու հարցում։ Կարծում եմ, որ ձեզ հարկավոր է կոշտ ուժ: ԵՄ-ն ունի տնտեսական հզորություն, դա ճիշտ է, դիվանագիտական ուժ է, բայց կոշտ ուժի առումով ԵՄ-ն բավականին թույլ է», — նշեց նա։

Եվրապատգամավորը հավելել է, որ անհրաժեշտ է աշխարհաքաղաքական որոշում կայացնել, որն օգտակար կլինի Հայաստանի համար։