Հայաստանի սպառազինության գնումները դժվարացնում են համակարգերի միասնականացումը․ Ռուսլան Պուխով
03 Հունիսի 2026, 20:45
Ռուս ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովն Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանում անցկացված ռազմական շքերթը՝ նշելով, որ ցուցադրված տեխնիկան միաժամանակ տպավորիչ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված սպառազինության միասնականացման, գնումների քաղաքականության արդյունավետության և տեխնիկայի սպասարկման հնարավորությունների հետ։
«Այս շքերթից հետո երկակի զգացողություններ ունեմ։ Եթե այն դիտարկենք որպես գործող վարչապետի և նրա քաղաքական ուժի նախընտրական արշավի տարր, ապա դա, անկասկած, հաջողություն էր․ գեղեցիկ պատկեր, բազմազան տեխնիկա, տպավորիչ ավիացիոն թռիչքներ։
Սակայն եթե ավելի խորն ուսումնասիրենք, բազմաթիվ հարցեր են առաջանում։ Սահմանափակ ռազմական բյուջե ունեցող և հարևանների հետ լարված հարաբերություններ ունեցող երկիրը պետք է առավելագույնս ձգտի սպառազինության միասնականացման։ Այդ տեխնիկան սպասարկելու, համատեղ գործարկելու և փոխկապակցելու համար մեծ ռեսուրսներ են պահանջվում», -նշել է Պուխովը։
Նրա խոսքով՝ «դիվերսիֆիկացիա» տերմինը գեղեցիկ է հնչում տեսականորեն, սակայն գործնականում պետք է լինի մեկ հիմնական գործընկեր, իսկ մնացած մատակարարումները՝ նեղ մասնագիտացված ուղղություններով։
«Եթե Հայաստանը իսկապես ստեղծել է սեփական արդյունավետ համազարկային կրակի համակարգ, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ «Պինակա»-ն։ Միասնականացման իմաստն այն է, որ համակարգերը քիչ լինեն, իսկ սպասարկումը՝ ավելի պարզ և էժան»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ տարբեր երկրների և արտադրողների տեխնիկայի համատեղեցման խնդիրը, անկասկած, առաջանալու է։
«Ես կարդացել եմ հայկական մամուլում, որ մինչև Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություններն անցկացվել են ռուսերենով, ոչ թե հայերենով։ Եվ դա ներկայացվել է որպես անկախության պակաս կամ ռուսական ազդեցություն։ Բայց իմ կարծիքով՝ իրականում դա շատ ավելի պարզ է․ մարդիկ Խորհրդային Միությունից էին, ավարտել էին խորհրդային ռազմական ուսումնական հաստատություններ, ուստի աշխատում էին այն լեզվով, որը իրենց համար առավել հարմար էր։
Սա պարզապես առողջ տրամաբանություն է։ Հետևաբար, տեխնիկական համատեղելիության հարցը լուրջ խնդիր է դառնում։ Այժմ պետք է աշխատել ֆրանսիացիների հետ՝ բնականաբար ոչ ռուսերեն, այլ ֆրանսերեն, հնդիկների հետ՝ անգլերենով։ Ռուսական համակարգերն էլ դեռ մնալու են, հետևաբար ռուսերենը նույնպես պետք է պահպանվի։ Իրանցիների հետ շփման հարցն էլ առանձին խնդիր է․ նրանք անգլերեն լավ գիտեն, բայց տեխնիկական փաստաթղթերը հնարավոր է լինեն պարսկերենով։
Ուստի կասկած չկա, որ նման համակարգերի համատեղեցման խնդիրներ կլինեն։ Դա բերելու է ծախսերի աճի, իսկ ժամկետները՝ երկարաձգվելու են։ Սա պարզապես առողջ տրամաբանության հարց է։ Հույս ունեմ, որ այս որոշումները կայացնելիս այդ ռիսկերը հաշվի են առնվել», -եզրափակել է Պուխովը։