Հայաստանի ղեկավարությանը հետաքրքրում են միայն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը. Ալեքսանդր Կռիլով

Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունն այժմ ցանկանում է Ռուսաստանի հետ շահավետ հարաբերություններ պահպանել միայն տնտեսության ոլորտում։

«Ռուսաստանի ներկայացուցիչներն ընդգծում են այն հանգամանքը, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ, սակայն այն դադարեցնում է համագործակցությունն ուժային կառույցներում, դադարեցնում է համագործակցությունը քաղաքական ոլորտում, քանի որ տարբեր հանդիպումների հայկական ղեկավարությունը հիմնականում չի գալիս։ Այժմ Հայաստանի ղեկավարությանը հետաքրքրում է միայն Եվրասիական տնտեսական միությունը, միայն տնտեսական կապերը, իսկ քաղաքական կապերն այժմ զարգանում են Կոպենհագենում։

Այստեղ մենք կարող ենք ասել, որ կոմպլեմենտարիզմի հայկական քաղաքականությունը դրսևորվում է նրանով, որ քաղաքական և պաշտպանական ոլորտը զարգանալու և կառուցվելու է հավաքական Արևմուտքի հետ, իսկ ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա հայկական ղեկավարությունը հույս ունի շահավետ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ»,- ասել է Կռիլովը։

Փորձագետի խոսքով՝ ամեն ինչ գնում է դեպի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը։

«Ռուսաստանի ղեկավարությունն արտահայտվել է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունն այդ ուղղությամբ գործողությունների լիակատար ազատություն ունի, ուստի, եթե նա ցանկանա դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ապա այստեղ ոչ ոք դրանից մեծ ողբերգություն չի սարքի։ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը կարող է ձգվել ժամանակի մեջ, բայց ամեն ինչ գնում է դրան։ Եվ եթե իսկապես ռազմավարական նպատակն է անդամակցել Եվրամիությանը, ապա Եվրամիությունը ենթադրում է, որ նախքան ԵՄ-ի հետ գործընկերության ծրագիր տրամադրելու հարցը դիտարկվի, պետք է հարաբերություններ կառուցել ՆԱՏՕ-ի հետ, ցանկալի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ», — եզրափակել է Կռիլովը։