Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում նահանջել է 16 հորիզոնականով
30 Ապրիլի 2026, 18:33
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը, որում Հայաստանը նահանջել է նախորդ տարվա ցուցանիշից։
Զեկույցի համաձայն՝ 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 16 հորիզոնականով զիջել է դիրքերը՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։
Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, չնայած Հայաստանում մեդիա դաշտի բազմազանությանը, այն շարունակում է մնալ բևեռացված․ «Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին առկա անվտանգության խնդիրներով, Ռուսաստանի ու Եվրամիության միջև Հայաստանի բարդ իրավիճակով»։
Կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում լրագրությունը որպես մասնագիտություն հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի։ Քաղաքական գործիչները լրագրողներին հաճախ մեղադրում են «կոռուպցիայի» մեջ կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ։
«Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնության ինչպս իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական ցանցերում»,- ընդգծվում է զեկույցում։