Հայաստանը կկորցնի բանջարեղենի արտահանման գրեթե ողջ եկամուտը, եթե զրկվի ռուսական շուկայից․ ԶԼՄ

03 Հունիսի 2026, 10:40

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը գրեթե ամբողջությամբ կարող է կորցնել լոլիկի, վարունգի, պղպեղի և կանաչեղենի արտահանման շուկան, եթե կորցնի դրանց հիմնական գնորդին՝ Ռուսաստանին։ Այս մասին, հղում կատարելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներին, գրում է «Ռիա նովոստի»-ն։

ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա առաջին 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռևս հրապարակված չեն) Հայաստանը Ռուսաստան է արտահանել թարմ բանջարեղեն և կանաչեղեն՝ 73,96 միլիոն դոլարի չափով։

Տարեկան հաշվարկով այդ ցուցանիշը կազմում է մոտ 80,64 միլիոն դոլար, ինչը սահմանափակումների տակ հայտնված բանջարեղենի ամբողջ արտահանման շուրջ 99 տոկոսն է (տարեկան մոտ 81,5 միլիոն դոլար)։

Խոսքը մասնավորապես վերաբերում է թարմ պղպեղի (11 ամսում՝ 37,1 մլն դոլար), լոլիկի (32,78 մլն դոլար), կանաչեղենի (2,52 մլն դոլար), վարունգի (1,52 մլն դոլար), ինչպես նաև ծնեբեկի (16,7 հազար դոլար) մատակարարումներին։

Ռուսաստանից բացի, հայկական վարունգ փոքր ծավալներով ներմուծել է Վրաստանը (23 հազար դոլար՝ 2025 թվականի 11 ամիսների արդյունքներով), պղպեղ՝ Լատվիան (517 հազար դոլար) և Բելառուսը (85 հազար դոլար), իսկ կանաչեղեն՝ նույնպես Վրաստանը (162 հազար դոլար)։