Հայաստանը պետք է որոշում կայացնի մինչև դեկտեմբեր․ Սեմենովսկին՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների հայտարարության մասին
30 Մայիսի 2026, 18:40
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ, քաղաքագետ Իգոր Սեմենովսկին Alpha News-ին մեկնաբանել է Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանի եվրաինտեգրման հնարավոր հետևանքները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան։
Փորձագետի խոսքով՝ այս պահին գլխավոր հարցն այն է, թե Հայաստանն ինչ ռազմավարական ընտրություն կկատարի։
«ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկված կարևորագույն հարցերից մեկը, հատկապես փակ ձևաչափով հանդիպումների ընթացքում, վերաբերում էր Հայաստանի Հանրապետության հետագա մասնակցությանը կամ չմասնակցելուն ինտեգրացիոն միավորմանը։ Գլխավոր հարցն այն է, թե դեպի որ ուղղություն է շարժվում Հայաստանը և ինչ ռազմավարական ընտրություն է կատարում։ Արժե՞ արդյոք ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպիսի՞ ռիսկեր կան այդ ներդրումները կորցնելու համար, որո՞նք են քաղաքացիական հասարակության մակարդակով հարաբերությունների համար ռիսկերը»,- ասել է Սեմենովսկին։
Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանի թիմը մտահոգված է Ռուսաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերով և պատասխան միջոցներով։
«Դա երևում է բազմաթիվ հանգամանքներից, և դրանցից գլխավորն արձագանքի արագությունն է։ Հայաստանի վարչապետը փորձում է համոզել հասարակությանը, որ որևէ վատ բան տեղի չի ունենում և որ ռուսական կողմի հնարավոր քայլերը ցավոտ հետևանքներ չեն ունենա։ Սակայն եթե խոսենք բովանդակային, իրական խնդիրների մասին՝ հանքային ջրի, կոնյակի, ծաղիկների, մրգերի և բանջարեղենի արտահանման, իսկ հետագայում նաև գազամատակարարումների և այլ ոլորտների մասին, ապա նա, ըստ էության, հասարակությանը չի ներկայացնում իրական պատկերը։
Մի կողմից Ռուսաստանը կոչ է անում դիտարկել կոնկրետ թվերն ու փաստերը, իսկ մյուս կողմից պատասխան չկա այն հարցին, թե ուր պետք է արտահանվի այդ արտադրանքը։ Իրանի շուկա՞։ Դժվար թե։ Եվրոպական շուկա՞։ Առավել ևս՝ ոչ։ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես չեն սպասում այդ արտադրանքին։ Այս ամենն ավելի շատ քաղաքական առևտրի կամ ներկայացման է նմանվում։ Ամեն ինչ արվում է ընտրություններից առաջ իրավիճակը հարթեցնելու համար, այն դեպքում, երբ իշխանության դիրքերն արդեն բավականին խոցելի են»,- նշել է Սեմենովսկին։
Նրա խոսքով՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, սակայն վերջին տարիներին հարաբերություններում նկատվում է զգալի սառեցում։
«Ռուսաստանի նախագահը ավելի քան չորս տարի է՝ չի այցելել Երևան։ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից՝ իրավաբանորեն մնալով կառույցի կազմում։ Սակայն Փաշինյանը չի բարձրաձայնում, թե ինչու ՀԱՊԿ-ը պետք է իրականում պաշտպանի Հայաստանն այն դեպքերում, երբ խոսվում է ադրբեջանական ագրեսիայի մասին։ Փոխարենը նա նախընտրում է լռել այդ հարցերի շուրջ։
Ինչ վերաբերում է Եվրամիությանն ուղղված քաղաքականությանը, Փաշինյանը չի խոսում այն մասին, որ այդ դեպքում Հայաստանը կարող է ստիպված լինել միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հրաժարվել ռուսական գազից և էլեկտրաէներգիայից, ինչպես նաև դուրս գալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից։ Ռուսաստանն արդեն տեսել է նմանատիպ սցենարներ Վրաստանի, Մոլդովայի և, ցավոք, Ուկրաինայի օրինակներով։ Սա այլևս բազմավեկտոր քաղաքականություն չէ, այլ հակառուսական քաղաքականություն»,- ասել է քաղաքագետը։