Հայկ Խալաթյան․ Պարսկաստանը փորձում է խուսափել պատերազմի ծուղակից

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան, որտեղ հայտարարել է՝ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է, և մենք հարգում ենք այդ փաստը»։ Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է երկրների ինքնիշխանությունը, իրավունքները և տարածքային ամբողջականությունը հարգելը։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ի ուղիղ եթերում զրուցել ենք Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանի հետ:

«Ես որպես այդպիսին նոր բան չտեսա Իրանի նախագահի հայտարարություններում: Դա Պարսկաստանի ավանդական գիծն է Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում: Նա միշտ նշում է, որ պետք է խնդիրները խաղաղ տարբերակով լուծել, միմյանց տարածքային ամբողջականությունը հարգել: Ճիշտ է, Թեհրանը Արցախյան պատերազմից հետո շնորհավորեց Ադրբեջանին, բայց Սյունիքի հետ կապված հարցերում միշտ պրոհայկական դիրքորոշում է ցուցաբերել: Բայց գիտեք, ամենակարևորը ոչ թե Թեհրանի խոսքերն են, այլ այն, որ եթե Ադրբեջանը միջանցք ստանալու համար Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ կտրուկ քայլերի գնա Հայաստանի նկատմամբ, Թեհրանի խոսքերը գործողության կվերածվեն, թե ոչ»,-նշել է Խալաթյանը:

Վերջինս ընդգծել է, որ Պարսկաստանը կարող է չհամարձակվել մտնել պատերազմի մեջ՝ համարելով, որ դա իր դեմ ծուղակ է և թշնամիներին հնարավորություն է տալու ուղիղ հարվածել իրեն:

«Հենց դրա համար էլ Պարսկաստանը ամեն ինչ անում է, որ այդ ընտրության պահը չգա, մեսիջներ է ուղարկում Ադրբեջանին՝ ցույց տալով, որ դեմ է կտրուկ գործողություններին Հայաստանի դեմ»,- եզրափակել է Խալաթյանը: