Հայկական ԱԷԿ-ի շահագործման վտանգավորության մասին պնդումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

21 Հոկտեմբերի 2026, 14:45

Քաղաքականություն

Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման՝ տարածաշրջանի համար իբր վտանգավոր լինելու մասին որոշ լրագրողների պնդումները տարակուսանք են առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմ»-ը պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր պարտավորությունների կատարմանը։

«Հաշվի առնելով, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր պարտավորությունների կատարմանը, առանձին լրագրողների պնդումները ոչինչ չեն առաջացնում, բացի տարակուսանքից և հարցերից՝ մասնավորապես, թե ում հրահանգներն են նրանք կատարում»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումները, որոնցում կասկածի տակ է դրվում ատոմակայանի անվտանգությունը։

Նրա խոսքով՝ նման հրապարակումները պայմանավորված են ռուս-հայկական ատոմային էներգետիկայի նախագծին վնասելու ինչ-որ մեկի ցանկությամբ։