Հայկական բիզնեսը ՌԴ-ում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների 2,6 տոկոսն է կազմում

04 Սեպտեմբերի 2026, 10:00

Տնտեսություն և Բիզնես

Հայկական բիզնեսը կազմում է ՌԴ-ի օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր թվի 3 տոկոսից պակասը։ Այս մասին ասվում է կոնտրագենտների ստուգման «Rusprofile» ծառայության՝ «ՌԻԱ Նովոստի»-ի համար իրականացրած ուսումնասիրության մեջ։

«Ներկայում ՌԴ-ում գործում է 1,736 ընկերություն, որոնք գրանցված են ՀՀ-ից հիմնադիրների կողմից։ Դրանք կազմում են օտարերկրյա մասնակցությամբ կազմակերպությունների ընդհանուր թվի 2,6 տոկոսը»,- հայտնել են վերլուծաբանները։

2021-2025 թվականներին նման ձեռնարկությունների թիվն ավելացել է 2,3 անգամ։ Համեմատության համար՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՌԴ-ում բացվել էր ՀՀ-ից հիմնադիրներ ունեցող 518 ընկերություն, որոնցից 257-ը մինչ օրս շարունակում են գործունեությունը։

Հայ գործարարներն առավել հաճախ գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում․
🔹մեծածախ և մանրածախ առևտուր,
🔹շենքերի և ճանապարհների շինարարություն,
🔹ավտոմոբիլային բեռնափոխադրումներ,
🔹ռեստորանների գործունեություն և սննդի առաքում,
🔹անշարժ գույքի վարձակալություն և կառավարում,
🔹ատամնաբուժական գործունեություն։

Հիմա եթերում