Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումները Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ այլևս չենք համակարգի. Լուլուկյան
12 Փետրվարի 2025, 23:05
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած սկանդալային հայտարարություններին ու դրանք որակել վտանգավոր։
«Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ու Գերմանիայի Հայոց թեմը միասնական որոշել են հանդիպում կազմակերպել կարևորագույն կառույցների ու մտավորականների հետ՝ քննարկելու կարևոր հարցերը ու Փաշինյանի վտանգավոր հայտարարությունները, որը կապված է նաև Սփյուռքի հետ։ Ցյուրիխում արած հայտարարությունները թեզեր են՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը, որոնք Թուրքիան տասնամյակներ կրկնել է ու հայտարարել, որ իրենք պիտի պարզեն՝ ինչու, ինչպես եղավ Ցեղասպանություն։ Նույն հարցադրումներն է անում Փաշինյանը, որը թուրքական քարոզչամեքենային ջուր է լցնում։ Սա անընդունելի է»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կատարում են Թուրքիայի նախապայմանները։
«Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է ու մեծ վնաս է հասցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ ԱԳՆ-ն էլ էր հայտարարել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց օրակարգում առաջնային չէ։ ՀՀ իշխանություններն այնպես են խոսում, որ դա Հայաստանի Հանրապետության հարցը չէ։ Սա վտանգավոր երևույթ է, որը Թուրքիայի նախապայմաններից մեկն է»,- եզրափակել է Սամվել Լուլուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։