Հայոց ցեղասպանության վրիժառուն․ Արամ Երկանյանի ուղին
21 Ապրիլի 2026, 22:00
Արամ Երկանյանը հայ հեղափոխական, ՀՅԴ անդամ և «Նեմեսիս» գործողության ամենահայտնի մասնակիցներից մեկն է։ Նրա գործունեությունը կապված է Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և Բաքվի կոտորածների պատասխանատուների դեմ իրականացված վրեժխնդրական գործողությունների հետ։
Արամ Երկանյանը ծնվել է 1900 թվականին Էրզրումում (Օսմանյան կայսրություն)՝ Սարգիս Երկանյանի և Մարիամ Սողոյանի ընտանիքում։ Նա ընտանիքի երրորդ երեխան էր։ Դեռ պատանի տարիքում նա ականատես է դառնում Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի զանգվածային տեղահանությանն ու կոտորածներին։ Այդ տպավորություններն էլ ձևավորել են նրա աշխարհայացքն ու արդարության համար պայքարին կյանքը նվիրելու ցանկությունը։
Երիտասարդ տարիներին Երկանյանը միացել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, որտեղ արագ աչքի է ընկել որպես վճռական և նվիրված գործիչ։ 1920-ականների սկզբին նա միացել է «Նեմեսիս» գաղտնի գործողությանը, որը հիմնվել էր հայ ազգային գործիչների կողմից՝ հայ ժողովրդի զանգվածային կոտորածների պատասխանատուներից վրեժ լուծելու նպատակով։
Երկանյանի առաջին գործը Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկու սպանությունն էր, որն առնչություն ուներ 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի կոտորածներին, որտեղ զոհվել է շուրջ 30 հազար մարդ։ Հետագայում նա մասնակցել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Բեհաեդդին Շաքիրի, ինչպես նաև Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի սպանությանը։ Այս գործողություններն ընկալվում էին որպես պատմական արդարության ակտեր և խորհրդանշում էին ժողովրդի դեմ հանցագործությունների հատուցումը։
Առաքելությունների ավարտից հետո Երկանյանը գաղթել է Արգենտինա, որտեղ շարունակել է ակտիվ մասնակցություն ունենալ հայկական սփյուռքի կյանքում։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա կարողացել է վառ հետք թողնել ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ։
Արամ Երկանյանը կյանքից հեռացել է 1934 թվականի օգոստոսի 2-ին Արգենտինայի Կորդոբա քաղաքում՝ 34 տարեկանում։