Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա. Լիբանանի նախագահ
24 Ապրիլի 2026, 18:00
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել` նշելով, որ այն բաց վերք է մարդկության խղճի վրա, և վերահաստատել է իր հավատարմությունը արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության արժեքներին։
Լիբանանի առաջնորդը շեշտել է` իր երկիրը միշտ հուսալի ապաստան է եղել հայերի համար, որոնք դարձել են Լիբանանի ազգային միասնության անբաժանելի մասը։
«Խոր վշտով եմ հիշում մարդկային այդ ողբերգությունը։ Հայկական ծագում ունեցող լիբանանցիները երբեք հյուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ են եղել երկրի կառուցման, տոկունության և բարգավաճման գործում։ Նրանք իրենց ներդրումն են ունեցել տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ, արդյունաբերությունից մինչև արվեստ, քաղաքականությունից մինչև կրթություն՝ անջնջելի հետք թողնելով ժամանակակից Լիբանանի պատմության մեջ», – նշվում է Լիբանանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ հիշողությունը ողբերգությունների կրկնությունը կանխելու բանալին է։
«Ուրեմն եկեք այս հիշողությունից քաղենք մեր ազգային միասնությունը ամրապնդելու, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու և մեր նախնիների զոհողություններին և ապագա սերունդների հույսերին արժանի ապագա կառուցելու վճռականությունը», – ընդգծել է Աունը։
Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Լիբանանը հավատարիմ կմնա իր առաքելությանը որպես ազատության և բազմակարծության երկիր։