Հույս ունենք՝ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը կանցկացվի Երևանում կամ Բաքվում․ ՌԴ ԱԳՆ
05 Հունիսի 2026, 15:50
Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասին նվիրված «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով, կանցկացվի Երևանում կամ Բաքվում։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ակնկալում ենք, որ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։ Ինչպես հասկանում ենք, այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է Գալուզինը «3+3 հարթակ․ ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» խորագրով նիստի ընթացքում։
Նա նաև կարևորել է Վրաստանի մասնակցությունը ձևաչափին։
«Կցանկանայի առանձնահատուկ ողջունել մեր քննարկմանը Վրաստանի փորձագիտական շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը։ Մեզ համար, և վստահ եմ՝ հարթակի բոլոր մասնակիցների համար, Վրաստանը շարունակում է մնալ կարևոր գործընկեր, առանց որի «3+3» ձևաչափի հեռանկարները դժվար թե լիարժեք լինեն։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում նաև պաշտոնական Թբիլիսին կմիանա մեր աշխատանքներին»,- հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։
«3+3» ձևաչափում ընդգրկված են Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։